«Ներողություն, լեզվի սայթաքում էր»․ Բայդենն Օբամային շփոթել է Թրամփի հետ (տեսանյութ)
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երկրի 44-րդ նախագահ Բարաք Օբամային շփոթել է 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Ինչպես հաղորդում է Fox News-ը, նախօրեին Փենսիլվանիա նահանգում իր ելույթի ընթացքում Բայդենը հայտարարել է, թե 2009 թվականին «այն ժամանակվա նախագահ Թրամփն» իրեն հանձնարարել է աշխատել ավտոմոբիլային արդյունաբերությունը ճգնաժամից դուրս բերելու ուղղությամբ։
«Դեռևս 2009 թվականին, այսպես կոչված՝ Մեծ ռեցեսիայի ժամանակ, նախկին նախագահ Թրամփն ինձ խնդրել էր ստանձնել ավտոմոբիլային արդյունաբերությունը ճգնաժամից դուրս բերելու պարտավորությունը»,- ասել է Բայդենը։
Այնուհանդերձ, ԱՄՆ-ի նախագահն անմիջապես ուղղել է իր սխալը՝ ասելով․ «Ներողություն, լեզվի սայթաքում էր, նա վերջին նախագահն էր։ Ինչևէ, խոսքը նախագահ Օբամայի մասին է, որի օրոք ես փոխնախագահ էի»։
Նշենք, որ Բայդենը հաճախ է նման վրիպակներ թույլ տալիս․ ամիսներ առաջ նա Սպիտակ տանը կայացած ելույթի ժամանակ փոխնախագահ Քամալա Հարիսին «նախագահ» էր անվանել։
Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ժամանակ Բայդենը մոռացել էր նաև պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունը՝ նրան անվանելով «տղան, որը ղեկավարում է Պենտագոնը»։