Բլինկենը հանդիպել է ԱՀԿ-ի ղեկավարին, աջակցել է կազմակերպության՝ COVID-19-ի ծագման վերաբերյալ նոր հետազոտություն անցկացնելու մասին որոշումը
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ հանդիպման ժամանակ իր աջակցությունն է հայտնել կազմակերպության՝ կորոնավիրուսի ծագման մասին նոր հետազոտություններ անցկացնելու մասին որոշմանը, Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը հղումով գրում է CNN-ը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Քուվեյթում:
«Պետքարտուղար Բլինկենը հաստատել է, որ ԱՄՆ-ն պաշտպանում է ԱՀԿ-ի՝ COVID-19-ի ծագման լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու պլանները, որպեսզի ավելի լավ հասկանա ներկայիս համավարակը ու կանխի ապագա համավարակերը: Նա ընդգծել է, որ հաջորդ հետազոտությունը պետք է լինի ժամանակին, փաստերի վրա հիմնված, թափանցիկ, փորձագետների հսկողության տակ և զերծ լինի միջամտությունից»,- հայտնել է Փրայսը:
Ըստ հաղորդման՝ Բլինկենն ԱՀԿ-ի ղեկավարի հետ զրույցում շեշտել է, որ նոր և թափանցիկ հետազոտության անցկացումը համաշխարհային հանրության համար բացառապես կարևոր հարց է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտին հրապարակել է COVID-19-ի ծագումը պարզելու համար Ուհան քաղաք այցելած իր փորձագետների միջազգային խմբի զեկույցի ամբողջական տարբերակը: Փաստաթղթում վիրուսաբանության ինստիտուտից կորոնավիրուսի արտահոսքն անվանել են «քիչ հավանական»։ Զեկույցում նշվում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, մարդուն փոխանցվել է չղջիկների միջոցով։
Զեկույցի հրապարակումից հետո ԱՄՆ-ն և ևս 13 պետություններ համատեղ հայտարարություն են հրապարակել՝ կոչ անելով COVID-19-ի ծագման «թափանցիկ և անկախ» հետաքննություն անցկացնել։