Տոկիո-2020. Հուլիսի 29-ին Հայաստանը կներկայացնի 1 օլիմպիական
ՏեսանյութերՏոկիոյի Օլիմպիական խաղերում հուլիսի 29–ին Հայաստանը կունենա մեկ մասնակից։ Առաջին մենամարտը կանցկացնի բռնցքամարտիկ Արման Դարչինյանը (75 կգ)։ Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ ուժերը կչափի սլովակ Անդրեյ Շեմեզի հետ։ Մենամարտը կմեկնարկի Երեւանի ժամանակով 06։30–ին։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում, Արման Դարչինյանը օգոստոսի 1–ին կմենամարտի ալժիրցի Յունես Նեմուչիի եւ ֆիլիպինցի Էումիր Մարցիալի դիմակայության հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։
2018թ. Եվրոպայի չեմպիոն, Մինսկ-2019-ի Եվրոպական խաղերի հաղթող, 2018 եւ 2019 թվականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63 կգ) հուլիսի 25-ին մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ է տարել Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռայանի նկատմամբ և դուրս եկել 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 31-ին կմրցի ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևի հետ:
Կորյուն Սողոմոնյանը (52 կգ) հուլիսի 26–ին 1/16 եզրափակիչում պարտվել է Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆային և լքել պայքարը:
Արման Դարչինյան, բռնցքամարտ, 75 կգ քաշային կարգ
Ծնվել է 1994 թվականի ապրիլի 30-ին Վանաձորում:
Անձնական մարզիչը Բագրատ Ավոյանն է:
Արման Դարչինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի եղբոր որդին է:
Արման Դարչինյանը բռնցքամարտով զբաղվում է 10 տարեկանից: Հայաստանի 7-ակի չեմպիոն է, 2018 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: 2019 թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:
2019 թվականի հոկտեմբերի 27-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյում առաջին մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Նորամուտը նշել է հաղթանակով՝ 4 ռաունդանոց մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով ամերիկացի Քենդել Մեյես-Թեյլորին:
Oլիմպիական ուղեգիրը նվաճել է 2021 թվականի հունիսի 4-10 Փարիզում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ դառնալով բրոնզե մեդալակիր: