5 տարի բանտում, 10-ը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում. Բաքվում հրապարակվել է 2 հայ գերիների գործով դատավճիռը
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է երկու հայ գերիների` Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ քրեական գործով դատավարությունը, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է «լրտեսության» համար:
Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ կայացած դատավարության ընթացքում դատախազը մեղադրյալներից յուրաքանչյուրի համար պահանջել էր 16 տարվա ազատազրկում:
Վճռի ընթերցումից հետո պարզ է դարձել, որ գերիները դատապարտվել են 15 տարվա ազատազրկման: Պատժի առաջին 5 տարին նրանք կանցկացնեն բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում:
Հայտնի է, որ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են նոյեմբերի 11-ին` Շուշիից ոչ հեռու:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։