Բայդենը վարելահողերի պատճառով աշխարհում հակամարտություններ է կանխատեսել
Գլոբալ տաքացումն ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար անկայունության ռիսկեր է ստեղծում, վարելահողերի պատճառով հնարավոր են հակամարտություններ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով հետախուզական հանրակցության աշխատակիցների և ղեկավարության առջև, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերներն արդեն նպաստում են մեր երկրում և ամբողջ աշխարհում անկայունության աճին։ Տեղի ունեցող ծայրահեղ եղանակային երևույթներն ավելի ու ավելի մահացու են դառնում․ դրանք են՝ պարենային և ջրային անվտանգության բացակայությունը, ծովի մակարդակի բարձրացումը, որը հանգեցնում է կլիմայի փոփոխության և ներգաղթի զգալի աճի և հիմնարար ռիսկի է ներկայացնում բնակչության առավել խոցելի խավերի համար»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:
Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները կլիմայի փոփոխությունն ամենամեծ սպառնալիքն են համարում ԱՄՆ-ի համար:
«Եթե ծովի մակարդակը բարձրանա ևս 0,76 մետրով, միլիոնավոր մարդիկ կարտագաղթեն, կհակամարտեն վարելահողերի համար»,- ասել է Բայդենը:
Սպիտակ տան ղեկավարը նաև պատմել է, որ կանխատեսումների համաձայն՝ առաջիկա տասը տարում չի բացառվում Ինդոնեզիայի մայրաքաղաքի տեղափոխումը, քանի որ Ջակարտան կարող է հեղեղվել:
«Դրան պետք է ուշադրություն դարձնել, քանի որ այն միաժամանակ ռազմավարական և էկոլոգիական հարց է»,- ասել է նա։