Վստահ լինելով, որ մեր զինված ուժերն ի զորու են հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Արմեն Սարգսյանն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին․ հայտարարություն
ՀՀ նախագահի աշխատակազմը նախագահ Արմեն Սարգսյանի անունից հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների առնչությամբ, որոնց ընթացքում 3 հայ զինծառայող է զոհվել։
«Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին:
Ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում:
Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին»: