ԵՄ-ն նախազգուշացրել է՝ Կիպրոսի լքված Վարոշա քաղաքը վերաբացելու քայլերից հետ չկանգնելու դեպքում Թուրքիայի դեմ միջոցառումներ կձեռնարկվեն
Եվրոպական Միությունը նախազգուշացրել է դաշինքի անդամ պեությունների արտաքին գործերի նախարարների կողմից իրենց հաջորդ հանդիպմանը Թուրքիայի դեմ գործողությունների մասին, եթե Անկարային չհաջողվի Կիպրոսի լքված Վարոշա (Ֆամագուստա) քաղաքում չեղարկել միակողմանի գործողությունները, հայտնում է Ahval թերթը։
Մասնավորապես, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իր գրավոր հայտարարության մեջ նշել է, որ «դաշինքը խստորեն դատապարտում է Թուրքիայի միակողմանի քայլերն ու Թուրքիայի նախագահի և Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի հուլիսի 20-ին արված հայտարարությունը՝ ցանկապատված Վարոշա քաղաքի մասնակի վերաբացման մասին»։ Նա նշել է, որ Թուրքիայի՝ իր քայլերից հետ չկանգնելու դեպքում ԵՄ արտգործնախարարները կդիտարկեն միջոցառումներ ձեռնարկելու հնարավորությունը։
Հայտնի է, որ ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 2-3-ը Սլովենիայում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը հայտարարել էին Կիպրոսի գրավյալ տարածքում գտնվող Վարոշա քաղաքի մի մասի վերաբացման մասին։ Թաթարը նշել էր, որ քաղաքի տարածքի 3,5 տոկոսում կվերացվի ռազմական կարգավիճակն ու այն քաղաքացիական կարգավիճակ կստանա։ Հայտարարությունը հնչել էր Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ընթացքում, որը կայացել էր Կիպրոս թուրքական ներխուժման 47-ամյակի առթիվ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ 1974 թվականին Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման տարեդարձին նվիրված արարողությանը մասնակցելու՝ նպատակ ունենալով հիշեցնել օկուպացիայի մասին՝ առանց երկու կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու։