Ամերիկյան փորձագետների գնահատմամբ՝ կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվելուց հետո «Դելտա» հարուցիչով վարակված մարդիկ կարող են վարակել այլ մարդկանց
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի փորձագետների գնահատմամբ՝ կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստված մարդիկ կորոնավիրուսի «Դելտա» հարուցիչով վարակվելուց հետո որոշ դեպքերում կարող են այլ մարդկանց վարակել հիվանդությամբ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է կառույցի ղեկավար Ռոշել Վալենսկին:
Նա նշել է, որ վերջին օրերին գիտական նոր տվյալներ են ստացվել, ըստ որոնց՝ «Դելտա» հարուցիչն այլ տարատեսակների համեմատ այլ կերպ է իրեն դրսևորում. պատվաստվելուց հետո այդ հարուցիչով մարդկանց փոքր մասը կարող է վարակի փոխանցման աղբյուր դառնալ:
«Գիտական հետազոտության արդյունքը մտահոգության առիթ է տալիս: Վճռականորեն կոչ ենք անում պատվաստվել հիվանդության դեմ՝ դա թույլ է տալիս կանխել հիվանդության ծանր ընթացքը, հոպիտալացման անհրաժեշտությունն ու մահվան հավանականությունը»,- ասել է կենտրոնի ղեկավարը: