Թունիսի իշխանություններին կոչ ենք անում պահպանել 2011 թ. հեղափոխության ժողովրդավարական նվաճումները՝ կարգավորելով խորհրդարանի արձակումից հետո ի հայտ եկած հակասությունները. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Միացյալ Թագավորության արտգործնախարարությունը կոչ է արել Թունիսի իշխանություններին պահպանել ժողովրդավարական նվաճումներն ու երկրի հեղինակությունը՝ կարգավորելով խորհրդարանի արձակումից հետո ի հայտ եկած հակասությունները, հաղորդում է ТАСС-ը:
«Միացյալ Թագավորությունը ուշադիր հետևում է Թունիսում իրադարձությունների զարգացմանը: Վստահ ենք, որ ներկա մարտահրավերները լուծել հնարավոր է միայն ժողովրդավարության սկզբունքները, թափանցիկությունը պահպանելու, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը հարգելու դեպքում: Կոչ ենք անում կողմերին պահպանել բաց և հանդուրժողական հասարակության հեղինակությունը և 2011 թ. հեղափոխության դեմոկրատական նվաճումները»,- ասված է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
Հուլիսի 25-ին Թունիսի նախագահ Քաիս Սաիդը հայտարարեց խորհրդարանի լիազորությունները 30 օրով դադարեցնելու, բոլոր պատգամավորների անձեռմխելիությունը դադարեցնելու և վարչապետ Հիշամա Մաշիշիի հրաժարականի մասին: Հաջորդ օրը նախագահը աշխատանքից ազատեց պաշտպանության նախարար Բրահիմ Բերթաջին և արդարադատության նախարարի պաշտոնակատար Հասնի բեն Սլիմանին: Թունիսի նախագահը նման որոշումներ է կայացրել այն բանից հետո, երբ երկրի մի քանի քաղաքներում զանգվածային ցույցեր էին անցկացվում խորհրդարանը ցրելու, կառավարման համակարգը փոխելու, ինչպես նաև՝ երկրում համաճարակային և սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջներով: