Ադրբեջանական ԶՈՒ-ն ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել է ինտենսիվ հրաձգություն Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ. սույն հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և Սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում, սկսել են ինտենսիվ հրաձգություն:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի Ֆեյսբուքյան էջից, բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ: Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար է բնակիչներից ստանում ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ` խաթարելով ողջ գյուղի խաղաղ կյանքը: Այդ կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:
Սույն հրատապ հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին: