Հետախուզման մեջ գտնվողը պայթեցրել է իրեն Բաքվի ավտոշուկայում
Հետախուզման մեջ գտնվող տղամարդը պայթեցրել է իրեն Բաքվի ավտոշուկայի տարածքում: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը՝ տեղեկացնելով, որ դեպքը տեղի է ունեցել Բաքվի Սաբաիլի շրջանի «Մաշին բազարի» կոչվող տարածքում: Անձի ինքնությունը պարզվել է:
«Զենքի անօրինական պահման մեջ կասկածվող, նախկինում թմրանյութերի մաքսանենգության համար դատված Մուսեիբ Ալեսքերովը (1982 թ. ծնված) այսօր, լինելով մեքենայի ղեկին, չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների պահանջին և փորձել է թաքնվել: Հետո նռնակով պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով զոհվել է: Իր հետ մեքենայում գտնվող, ավազակության համար դատապարտված Էլդար Գուրբանովը բերման է ենթարկվել փախուստի փորձի ժամանակ», - նշում է «ԱՊԱ»-ն՝ հավելելով, որ նռնակի պայթյունի հետևանքով տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել ոստիկանության չորս աշխատակից: