«Վերածնվող» թալիբները, «քաջալերվելով» ամերիկյան զորքերի դուրսբերմամբ, վերջին 2 ամսում ավելի շատ տարածքներ են գրավել Աֆղանստանում, քան երբևէ․ BBC-ն քարտեզ է հրապարակել (լուսանկարներ)
«Վերածնվող» թալիբները վերջին երկու ամսում ավելի շատ տարածքներ են գրավել Աֆղանստանում, քան երբևէ․ թվում է՝ նրանք «քաջալերվել են» ամերիկյան զորքերի դուրսբերմամբ և վերջին ամիսներին հարձակումներ են իրականացնում կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող մի շարք շրջանների վրա։
BBC լրատվականի հետազոտությունները ցույց են տալիս, որ գրոհայինները ներկայում ուժեղ ներկայություն են հաստատել երկրի գրեթե ամբողջ տարածքում, այդ թվում՝ հյուսիսային, հյուսիս-արևելյան և կենտրոնական նահանգներում: Թալիբները նաև մոտենում են խոշոր քաղաքներին՝ Կունդուզին, Հերաթին, Քանդահարին և Լաշքար Գահին:
Ո՞վ է վերահսկում Աֆղանստանը
ԱՄՆ զորքերը և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները թալիբներին իշխանությունից հեռացրել են 2001 թվականի նոյեմբերին:
Սակայն, չնայած վերջին 20 տարիներին տարածաշրջանում շարունակվող միջազգային ներկայությանը, աֆղանական կառավարական ուժերին տրամադրվող միլիարդավոր դոլարների աջակցությանը և նրանց ուժերի պատրաստությանը, թալիբներն ավելի հեռավոր շրջաններում վերախմբավորվում և աստիճանաբար վերականգնում էին իրենց ուժերը:
Նրանց ազդեցության հիմնական գոտիները գտնվում էին հարավ-արևմուտքում՝ Գիլմենդ, Քանդահար, Ուրուզգան և Զաբուլ նահանգներում։
2017-ին BBC-ի իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ թվականին թալիբների ամբողջական վերահսկողության տակ են եղել մի շարք շրջաններ: Ընդ որում՝ ուսումնասիրությունը նաև ցույց է տվել՝ նրանք ակտիվ են եղել երկրի շատ այլ մասերում․ որոշ շրջաններում ամեն շաբաթ կամ ամիս հարձակումներ են կատարել, ինչը վկայում էր զզգալիորեն ավելի մեծ ուժի մասին, քան նախորդ հաշվարկները:
Ձեռքից ձեռք անցնող շրջաններ
Չնայած թալիբներն այժմ ավելի շատ տարածք են վերահսկում, քան մինչև 2001 թվականը, իրավիճակը որոշ տեղերում անկայուն է մնում։
Կառավարությունը ստիպված է եղել լքել որոշ վարչական շրջաններ, որտեղ չի կարողացել դիմակայել թալիբների ճնշմանը, մյուս շրջաններն էլ թալիբները գրավել են ուժով։
Միևնույն ժամանակ, այն շրջաններում, որտեղ կառավարությունը կարողացել է վերակազմավորել իր ուժերը կամ հավաքել տեղի աշխարհազորայիններին, վերադարձրել է որոշ կորցրած շրջաններ, իսկ որոշներում էլ մարտական գործողությունները շարունակվում են։
Հարկ է նշել, որ չնայած ամերիկյան զորքերի մեծ մասը հունիսին լքել է երկիրը, նրանց մի մասը շարունակում է մնալ Քաբուլում, և վերջին մի քանի օրվա ընթացքում ԱՄՆ ՌՕՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել թալիբների դիրքերին:
Հատկանշական է, որ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ ՄաքՔենզին նախօրեին հայտարարել էր՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստ են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աջակցություն ցուցաբերել աֆղանական զորքերին, եթե «Թալիբան» շարժումը չդադարեցնի հարձակումը։
Ապրիլի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու իր որոշման մասին, որը դարձել է ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատև արտասահմանյան ռազմական արշավը: Այս ֆոնին Իսլամական Հանրապետությունում նկատվում է անվտանգության ոլորտի իրադրության վատթարացում․ «Թալիբան» շարժման զինյալները հարձակման տեմպերը մեծացնում են մի շարք ուղղություններով: Շարժման ներկայացուցիչների պնդմամբ՝ թալիբները կարողացել են վերահսկողություն սահմանել երկրի տարածքի մոտավորապես 85 տոկոսի նկատմամբ, ներառյալ հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքով։
Այս տարվա առաջին կեսին հակամարտության հետևանքով զոհվել են ռեկորդային թվով խաղաղ բնակիչներ: Բացի այդ, տարեսկզբից մարտական գործողությունների պատճառով շուրջ 300 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։