Տոկիոյում Օլիմպիական խաղերի մարզիկների, պատվիրակությունների անդամների շրջանում COVID-19-ի 148 դեպք է հայտնաբերվել
Տոկիոյում Օլիմպիական խաղերի մարզիկների, պատվիրակությունների անդամների և Օլիմպիադայի անձնակազմի շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 148 դեպք, հայտնում է Kyodo News-ը:
Նշվում է, որ միայն անցած օրվա ընթացքում արձանագրվել է վարակի 16 նոր դեպք, 3-ը՝ մարզիկների մոտ․ նրանց ազգությունը չի նշվում։
Կորոնավիրուս է հաստատվել նաև Օլիմպիադայի անձնակազմի մի շարք անդամների մոտ։ Ըստ հաղորդման՝ բոլոր վարակակիրներն ինքնամեկուսացել են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կդառնան պատմության մեջ ամենաթանկը։
Ճապոնական կառավարական աուդիտորների տվյալներով՝ Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը գերազանցում են 20 մլրդ դոլարը։ Այդ գումարը 3 անգամ գերազանցում է Տոկիոյի կողմից Օլիմպիադայի անցկացման համար սահմանված նախնական գումարը։ Ընդ որում, ինչպես նշում են փորձագետները, կորոնավիրուսի համավարակի պատճառով Օլիմպիական խաղերի մեկ տարով հետաձգումը ծախսերի առումով նույնպես բացասական հետևանքներ է ունեցել։