Կանադայում կինը հղիության մասին իմացել է ծննդաբերության օրը (լուսանկարներ)
Կանադայի Սասկաչևան նահանգի Սփալթինգ գյուղի բնակչուհի Ռայլին Քուալին իր հղիության մասին իմացել է ծննդաբերության օրը, գրում է CBC-ը և հավելում, որ կինը մթերային խանութում աշխատանքի է եղել, երբ որովայնում ցավեր է զգացել և զանգահարել ամուսնուն։
Գլեն Քուալին կնոջը տեղափոխել է հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որ կինը հղի է։ Բժիշկը, լսելով երեխայի սրտի զարկը, նշել է, որ հղիությունն առնվազն 3 ամսվա է, ինչի առնչությամբ Գլինն ասել է․ «Ես հիշում եմ, երբ նայեցի կնոջս և ասացի «Աստված իմ, մենք 12 շաբաթ ինչպես չենք իմացել այս մասին»։
Քանի որ կնոջ արյան ճնշումը բարձր է եղել նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սասկատունի հիվանդանոց, որտեղ հայտնի է դարձել, որ կնոջ հղիությունը 34 շաբաթական է։ Քանի որ առողջական խնդիրներ են ի հայտ եկել բժիշկները կեսարյան հատում են կատարել։ Երեխան ծնվել է թոքերում հավաքված ջրով, մեծացած սրտամկանով և չգործող երիկամներով։ Ծննդաբերությունից մի քանի օր անց երեխան գլխուղեղի արյունահոսություն է ունեցել և այժմ նա բուժում է ստանում:
Մայրը նրան առաջին անգամ հանդիպել է ծննդաբերությունից 16 օր անց միայն։ Ամուսինները դստերն անվանել են Ալիզա Լինդա Քուալի, նրանց ավագ դուստրը՝ Ավա Քուալին 5 տարեկան է։ Զույգը բազմաթիվ դժվարություններով կարողացել է մնալ քաղաքում՝ մոտ լինելու հիվանդանոցին, որտեղ բուժվում է իրենց դուստրը։ Նրանք, այս բարդ փուլը հաղթահարելու համար, բազմաթիվ մարդկանցից օգնություն են ստացել։