Մինսկից Անթալիա թռչող օդանավը, որն աղետի ազդանշան էր արձակել, արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում (թարմացվող)
ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ «Բելավիա» ընկերության Boeing-737 ուղևորատար ինքնաթիռը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջք է կատարել մեկ անջատված շարժիչով: Նշվում է, որ շարժիչներից մեկի հետ կապված անսարքություն է եղել:
Ներկա պահին այն արդեն ազատել է թռիչքուղին և գտնվում է կայանատեղիում: Օդանավում 207 մարդ է եղել` անձնակազմի անդամները ներառյալ:
Հաղորդվում է, որ օդանավն արդեն բարեհաջող վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում:
Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Մինսկ-Անթալիա ուղղությամբ, փոխել է ուղղությունը և ուղևորվել դեպի Մոսկվա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով FlightRadar ծառայության տվյալները:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, որ Boeing 737 օդանավը աղետի աղդանշան է տվել` գտնվելով Վորոնեժի մարզի օդային տարածքում: Նշվում էր, որ Վորոնեժում հարկադիր վայրէջք է նախատեսվում իրականացնել:
Խոսքը Մինսկից տեղի ժամանակով 9:35-ին (երևանյան ժամանակով՝ 10:35) օդ բարձրացած BRU9215 չվերթի օդանավի մասին է:
Աղբյուրը նշում է, որ օդանավը ներկա պահին պատրաստվում է արտակարգ վայրէջքի: