Լոնդոնի հեղեղված հիվանդանոցները մարդկանց չեն կարողանում սպասարկել՝ ուղղորդելով այլ հիվանդանոցներ (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի երկու՝ Whipps Cross և Newham հիվանդանոցները մարդկանց հորդորել են անհրաժեշտության դեպքում դիմել շտապօգնության այլ ծառայությունների, հայտնում է BBC լրատվականը և հավելում, որ շտապօգնության մեքենաները վերահասցեավորվում են։ Որոշումը կապված է ջրհեղեղի հետևանքով հիվանդանոցների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքների տուժելու հետ։
Երկու հիվանդանոցներն էլ իրենց թվիթերյան հաշիվներում տեղեկացրել են, որ գործնական խնդիրներ ունեն և հասարակությանը հորդորել են հնարավորության դեպքում այլ հիվանդանոցներ դիմել։
Հայտնի է, որ ջրհեղեղի հետևանքով, բացի այս երկու հիվանդանոցներից, վնասվել են տներ, ճանապարհներ և կայարաններ, մեքենաները ճանապարհներին են մնացել, բազմաթիվ ճանապարհներ փակվել են։ Լոնդոնի հրշեջ ծառայությունը մի քանի ժամվա ընթացքում ստացել է մոտ 300 զանգ։
Հիշեցնենք, որ կլիմայական փոփոխությունների հետևանքով տեղացած հորդառատ անձրևներից Արևմտյան Եվրոպայում ջրհեղեղներ են գոյացել։ Հայտնի է, որ ջրհեղեղների հետևանքով հատկապես տուժել են Գերմանիան, Բելգիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան։