ԱՄՆ օդուժը երկու տասնյակ F-22 կործանիչներ է ուղարկելու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան` որպես ազդակ Չինաստանին
Ամերիկյան օդուժը նախատեսում է այս ամիս ավելի քան երկու տասնյակ F-22 «ստելս» տեխնոլոգիայով կործանիչներ ուղարկել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևմտյան հատվածներ: Այս մասին հաղորդում է CNN-ը` նշելով, որ վերլուծաբանների կարծիքով` հզոր կործանիչների անսովոր մեծաքանակ տեղակայումն ուժեղ ազդակ է Չինաստանին:
Հավայիներում կենտրոնացած խաղաղօվկիանոսյան օդային ուժերն այս շաբաթ տեղեկացրել են, որ F-22 Raptor տեսակի 25 կործանիչ կուղարկվի Գուամ և Տինիան կղզիներ` Pacific Iron 2021 գործողության շրջանակում:
«Մենք նախկինում երբեք այսքան շատ Raptor-ներ միաժամանակ չենք տեղակայել խաղաղօվկիանոսյան օդուժի գործողությունների իրականացման վայրում»,- CNN-ի հետ զրույցում ասել է խաղաղօվկիանոսյան օդուժի հրամանատար, գեներալ Քեն Ուիլսբախը:
Վերոնշյալ F-22 կործանիչները հինգերորդ սերնդի մարտական ինքնաթիռներ են, որոնք դասվում են աշխարհի ամենաառաջադեմ օդանավերի շարքին: