«ԱՄՆ-ն կշարունակի թալիբների ուղղությամբ ավիահարվածները, եթե վերջիններս չդադարեցնեն հարձակումը». ամերիկացի գեներալ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը պատրաստ են առաջիկա օրերին շարունակել ինտենսիվ աջակցություն ցուցաբերել աֆղանական զորքերին, եթե «Թալիբան» շարժումը չդադարեցնի հարձակումը, հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար Քենեթ ՄաքՔենզին, հաղորդում է CNN-ը։
«ԱՄՆ-ն վերջին օրերին ինտենսիվացրել է ավիահարվածները՝ աֆղանական ուժերին աջակցելու համար։ Եվ մենք պատրաստ ենք առաջիկա օրերին շարունակել նման ինտենսիվ մակարդակով օդային աջակցությունը, եթե թալիբները շարունակեն հարձակումները»,- ասել է ՄաքՔենզին։
Նա նաև նշել է, որ առաջիկայում Աֆղանստանի իշխանությունները բարդ փորձությունների են բախվելու։
«Թալիբները փորձում են ստեղծել իրենց արշավի անխուսափելիության զգացողություն։ Նրանք սխալվում են․ թալիբների հաղթանակն անխուսափելի չէ»,- ասել է նա՝ հավելելով, որ ամերիկացի զինվորականները կշարունակեն նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել աֆղանական ՌՕՈՒ-ին նույնիսկ այն ժամանակ, երբ օգոստոսի 31-ին ամերիկացի զինվորականները լքեն երկրի տարածքը։
Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու իր որոշման մասին, որը դարձել է ամերիկյան պատմության մեջ ամենաերկար արտասահմանյան ռազմական արշավը: Այս ֆոնին Իսլամական Հանրապետությունում նկատվում է անվտանգության ոլորտի իրադրության վատթարացում․ «Թալիբան» շարժման զինյալները հարձակման տեմպերը մեծացնում են մի շարք ուղղություններով: Շարժման ներկայացուցիչների պնդմամբ՝ թալիբները կարողացել են վերահսկողություն սահմանել երկրի տարածքի մոտավորապես 85 տոկոսի նկատմամբ, ներառյալ հինգ երկրների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանի երկայնքով։