Թրամփն անարդար է համարում տրանսգենդերների մասնակցությունը կանանց մարզական մրցումներին
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անարդար է համարում տրանսգենդերների մասնակցությունը կանանց մարզական մրցումներին, այդ թվում՝ Օլիմպիական խաղերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շաբաթ Ֆինիքս քաղաքում (Արիզոնայի նահանգ) կայացած հանրահավաքի ընթացքում Թրամփը դժգոհել է, որ ԱՄՆ-ի գործող վարչակազմի քաղաքականության պատճառով երկրում «տղամարդկանց թույլատրում են մրցել կանանց սպորտում»:
«Դա անարդար է և անհեթեթ։ Մարդիկ չեն ցանկանում այդպիսի բաներ տեսնել։ Նրանք ցանկանում են մարզիկներ տեսնել, մրցումներ դիտել։ Վերջին բանը, որ նրանք ցանկանում են տեսնել, տղամարդկանց մասնակցությունն է կանանց մրցումներին։ Շատ շուտով կանայք առհասարակ չեն մասնակցի մարզական մրցումներին»,- հայտարարել է ԱՄՆ-ի նախկին առաջնորդը։
Թրամփի խոսքով՝ «դա խախտում է կանանց իրավունքները, ինչն անթույլատրելի է»։
«Իսկ հիմա այդպիսի երևույթներ ենք տեսնում նաև Օլիմպիական խաղերի ժամանակ։ Օլիմպիական խաղերը նույնպես խեղաթյուրեցին»,- եզրափակել է Թրամփը։