Չինաստանի արևելյան ափամերձ շրջանները ջրհեղեղից հետո հայտնվել են հզոր թայֆունի ազդեցության տակ
Չինաստանի արևելյան ափամերձ շրջանները կործանարար ջրհեղեղից օրեր անց հայտնվել են հզոր թայֆունի ազդեցության տակ:
Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով տեղի պետական աղբյուրին, «Ին-Ֆա» անունը ստացած թայֆունը մոլեգնում է Չժոուշան քաղաքում: Եղանակային պայմանների պատճառով կասեցվել են բոլոր չվերթներն ու երկաթուղու աշխատանքը: Բնակիչներին հրահանգվել է տնից դուրս չգալ:
Սպասվում են ուժեղ քամիներ, ծովի ալեկոծություն, կա ջրհեղեղի վտանգ: Միևնույն ժամանակ նշվում է, որ տասնյակ նավեր տարհանվել են Շանհայի նավահանգստից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Չինաստանի կենտրոնական շրջաններում ուժեղ ջրհեղեղ էր մոլեգնում, որը համատարած վնասներ է հասցրել ենթակառուցվածքներին, ինչպես նաև դարձել է 58 մարդու մահվան պատճառ: