Տոկիո-2020. Նախորդ խաղերի փորձը, տրամադրվածությունն օգնում են այս խաղերում. Արթուր Դավթյան
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը Տոկիոյի Օլիմպիական խաղերի հաջող մասնակցությունը կապում է նախորդ խաղերի փորձի հետ:
«Լավ ելույթ ստացվեց և կարևորն այն է, որ եզրափակիչում եմ: Բավականին բարձր գնահատականով եմ դուրս եկել եզրափակիչ: Առաջին ցատկի ժամանակ քայլ կարատեցի, իսկ երկրորդ ցատկն շատ լավ ստացվեց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավթյանը: Վերջինս շեշտեց, որ Օլիմպիական խաղերի այս մասնակցությունում շեշտը դրված է հենց հենացատկերի վրա և նժույգ թափերի վարժությունում փոփոխել էր նախնական ծրագիրը և մեկ տասնորդական ավելացրել էր:
«Նժույգ թափերի Եվրոպայի առաջնության հետ համեմատած այստեղ շատ բարդ էր, քանի որ Չինաստանի և Ճապոնիայի ներկայացուցիչները կան: Կարևորն այն է, որ ես իմ անելիքն արեց: Հենացատկում ստացվեց այնպես, որ առաջատար մարզիկներից շատերն անգամ դուրս չեկան եզրափակիչ, ինչպես Հոնգկոնգի ներկայացուցիչը: Չեմ կարող ասել, թե ինչն է խնդիրը, գուցե Օլիմպիական խաղերի առանձնահատկությունը, հուզմունքը կա: Նախորդ խաղերի փորձը, տրամադրվածությունն օգնում են այս խաղերում»,-ասաց նա:
Անդրադառնալով պանդեմիայի ընթացքում Օլիմպիական խաղերին, Դավթյանը շեշտեց, որ սահմանափակումները շատ են, ինքն օրինակ իր ազատ օրն անցկացնելու քիչ զբաղմունքներ ունի:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանն Օլիմպիական խաղերի հենցատկերի վարժության եզրափակիչում է: Տոկիոյում ընթացող Խաղերի առանձին վարժությունների հենացատկերում Դավթյանն ընդհանուր պայքարում հավաքեց 14,866 միավոր և երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ: Առաջին տեղով եզրափակիչ դուրս եկավ Կորեան ներկայացնող Ջիհվան Շին, որը նույնքան միավոր հավաքեց, որքան հայ մարմնամարզիկը:
Տղամարդկանց հենցատկերի եզրափակիչը կկայանա օգոստոսի 2-ին: