Տոկիո-2020․ Էլմիրա Կարապետյանը գրավեց 18-րդ տեղը
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ մեդալային օրը Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի դուրս եկավ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։
Հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը մասնակցեց 10 մետրից օդամուղ ատրճանակի մրցաձեւին եւ գրավեց 18-րդ տեղը՝ հավաքելով 573 միավոր: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։
Եզրափակիչ դուրս եկած 8 մարզուհիներից չեմպիոնի տիտղոսը նվաճեց ռուսաստանցի Վիտալինա Բացարաշկինան՝ 240,3 (օլիմպիական ռեկորդ)։ Փոխչեմպիոն դարձավ բուլղարացի Անտոանետա Կոստադինովան՝ 239,4։ Բրոնզե մեդալակիրը չինացի Չժան Ցյանսինն է՝ 218,0։
Էլմիրա Կարապետյան
Ծնվել է 1994 թվականի մայիսի 18-ին Երեւանում:
Անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան
Էլմիրա Կարապետյանը հրաձգությամբ զբաղվում է 19 տարեկանից: 2013 թվականին առաջին անգամ մասնակցել է մեծահասակների Հայաստանի առաջնությանը եւ նվաճել ոսկե մեդալ՝ լրացրելով սպորտի վարպետի կոչման համար նախատեսված նորմատիվը, իսկ 2014 թվականին ստացել է սպորտի վարպետի կոչում: 2014-2020 թվականների Հայաստանի չեմպիոն է: 2018թ. Ուկրաինայի միջազգային մրցաշարի հաղթող է, նույն տարում դարձել է Եգիպտոսում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն, 2019 թվականի Քուվեյթի Գրան Պրիի արծաթե մեդալակիր, 2020 թվականի նույն մրցաշարի բրոնզե մեդալակիր: 2019 թվականին լրացրել է միջազգային կարգ:
2021 թվականի մայիսի 20-29-ը Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:
Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել էր Եվրոպայի առաջնության արդյունքներով:
Ամուսնացած է: