«Երբ Բրիթնին վերջապես ազատ լինի, նրան տանելու եմ Սան Տրոպե, և մենք պաղպաղակ ենք ուտելու»․ Շերն արձագանքել է երգչուհու ցանկությանը (լուսանկարներ)
Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսն իր ինստագրամյան էջում հրապարակում է արել՝ նշելով, թե ինչեր է ցանկանում անել հոր կողմից իր նկատմամբ խնամակալության ավարտից հետո, որոնցից մեկը Սան Տրոպեում երգչուհի Շերի (Շերլին Սարգսյան) հետ պաղպաղակ ուտելն է, ինչին երգչուհին արձագանքել է, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Շերն իր թվիթերյան հարթակում նշել է.«Երբ Բրիթնին վերջապես ազատ լինի, ես նրան տանելու եմ Սան Տրոպե, և մենք պաղպաղակ ենք ուտելու»։
Ավելի վաղ Շերը խոսել էր 39-ամյա Բրիթնի Սփիրսի խնամակալության և նրա հոր վերաբերմունքի մասին՝ ընդգծելով, որ երգչուհին «բանտարկյալ է»։
Հիշեցնենք, որ դատավորը չի բավարարել ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսի դատական հայցը։ Դատարանի որոշման համաձայն՝ երգչուհին դեռևս ի վիճակի չէ ինքնուրույն կառավարել սեփական միջոցները։ Այնուամենայնիվ երգչուհին պահպանում է նոր հայց ներկայացնելու իր իրավունքը։ Բրիթնի Սփիրսը նիստի ընթացքում դատարանին խնդրել է դադարեցնել իր նկատմամբ հոր խնամակալության իրավունքը։ Առցանց ռեժիմով դատական նիստին մասնակցելով՝ երգչուհին նշել է, որ խնամակալության պատճառով չի կարողանում ամուսնանալ և երեխաներ ունենալ, քանի որ դա թույլատրված չէ։
39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ, որը 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։
Անցյալ տարի դատարանը չէր բավարարել Սփիրսի՝ դստեր նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու մասին հայցը: