Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հաջող ելույթով մեկնարկեց Օլիմպիական խաղերում
Հայաստանը ներկայացնող մարզիկները սկսում են պայքարն Օլիմպիական խաղերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանն առաջինը սկսեց պայքարը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին գործիքների վրա Դավթյանը նախ ուժերը փորձեց իր հիմնական գործիքի վրա` հենացատկերի վրա: Դավթյանը վաստակեց 14. 866 միավոր: Եզրափակիչի վերջնական մասնակիցների ցանկը հայտնի կլինի օրվա վերջին, բայց միավորներըհաշվի առնելով Դավթյանը գրեթե ապահովել է տեղը եզրափակիչում:
Դավթյանը ուժերը փորձ նաև նժույգ թափերում, որտեղ հավաքեց 14, 566 միավոր: Այս վարժությունում Դավթյանը դուրս չի գա եզրափակիչ:
Հուլիսի 25-ին Օլիմպիական խաղերում սկսվում է բռնցքամարտի մրցաշարը: Երևանի ժամանակով 07:15-ից սկսած իր ուժերը կչափի 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Նույն օրը որակավորման փուլից կսկսի հրաձիգ Էլմիրա Կարապետյանը` ատրճանակ, 10 մետր:
Հուլիսի 26-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից 52 կգ Կորյուն Սողոմոնյանը կփորձի պայքարել մեդալների համար: Բռնցքամարտիկների մրցաշարը կմեկնարկի Երևանի ժամանակով 06:00-ին: Նույն օրը պայքարի մեջ կմտնի նաև 73 կգ քաշային ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը: Նրա մրցման մեկնարկը լուսադեմին 06:00-ից է:
Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը: Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից:
Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նա ուժերը կչափի 50 մետր ազատ ոճում: Մրցումը կմեկնարկի 14:00-ին:
Հուլիսի 29-ին 75 կգ քաշային կարգում բռնցքամարտիկ Արման Դարչինյանը կփորձի դուրս գալ հաջորդ փուլ:
Հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Պայքարը կսկսվի 14:00-ից:
Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնում հունահռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարի մեջ մտնում է Արմեն Մելիքյանը: Գոտեմարտերը մեկնարկում են 06:00-ից:
Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում գոտեմարտերը կկայանան օգոստոսի 3-ին:
Օգոստոսի 3-ին ատլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման համար կպայքարի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):
Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:
Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին: