Որ բնակավայրերում են հովիվ փնտրում և ինչ աշխատավարձ են առաջարկում. Վահան Քերոբյանի հայտարարության հետքերով
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հերթական արտառոց հայտարարություն էր արել՝ նշելով, որ գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված տարբեր երկրներից հովիվ են բերում։ Նա ասել էր, որ Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղից Վրեժ Վարդանյանն այդ հարցով դիմել է իրեն։
ArmDaily.am-ի հետ զրույցում Դպրաբակի համայնքապետ Հովհաննես Նազլուխանյանը զարմացել է, որ Քերոբյանն իրենց գյուղի անունն է տվել։
«Դպրաբակը էդ մաշտաբները չունի, այդքան մեծ անասուններ չունի, ընդամենը մի 200 հատ այծ ունեցող մի ֆերմա կա, բայց հովիվի կարիք, իհարկե, կա։ Մասնավոր մի մարդ էլ կա, որ 50-60 հատ կով ունի, միգուցե նա է ուզում անհատական հովիվ ունենա։ Երևի հանրապետությունում չկա մի գյուղ, մի ֆերմա, որ հովիվի կարիք չունենա»,- ասել է համայնքապետը։
Նա նշել է, որ Վրեժ Վարդանյանն էլ որոշակի քանակով անասուններ ունի, ու երևի հովիվի կարիք ունի, որ դիմել է Քերոբյանին։
«Հովիվի խնդիրը շատ լուրջ է։ Ես 20 տարուց ավել աշխատում եմ այստեղ և անընդհատ, անգամ Ռուսաստանից, ինձ ծանոթ ընկեր, բարեկամներ դիմել են այդ հարցով, որ մի հատ ընտանիք լինի գան, կթեն կովը... մի խոսքով դա սովորական խնդիր է ամբողջ Հայաստանում տարածված»,- ասել է համայնքապետը՝ նշելով, որ գյուղում միայն հովիվի պակաս ունեն։
Ուսումնասիրելով List.am հայտարարությունների կայքը՝ պարզ դարձավ, որ Հայաստանում իրոք տարբեր բնակավայրերում՝ Ճամբարակում, Գյումրիում, Արտաշատում, Հրազադանում և այլուր, կա հովիվի կարիք, իսկ աշխատավարձը տատանվում է 120, 150 հազար դրամների միջև։
Փաստացի՝ Վահան Քերոբյանի հայտարարությունն այնքան էլ աբսուրդի ժանրից չէ, և Հայաստանում իրոք հովիվի պակաս կա։