Լավրովը հայտարարել է թալիբների և Քաբուլի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին
Ռուսաստանը կօգտագործի յուրաքանչյուր հնարավորություն` երկխոսություն ստեղծելու համար թալիբների և Աֆղանստանի կառավարության միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք օգտագործում ենք տարբեր ձևաչափեր, բազմազան հնարավորություններ, ուղղակի երկխոսություն հաստատելու համար Աֆղանստանի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, սա և՛ կառավարությունն է, և՛ «Թալիբան»-ը, դա նաև առանձին քաղաքական խմբերն են, էթնիկ խմբերը՝ ուզբեկներ, խազարաներ, տաջիկներ: Դրանում մեզ սատարում է Կենտրոնական ասիական համայնքը, և հենց այդ գործում է, որ մենք համագործակցում ենք ամերիկացիների և չինացիների հետ, այսպես կոչված «եռյակի» շրջանակներում, որին մենք հրավիրել ենք Պակիստանին, Իրանին: Պակիստանն արդեն սկսել է փոխգործակցությունը, իրանցիները դեռ մտածում են, ԱՄՆ-ի հետ նրանց հարաբերություններն ազդում են մտածելու վրա»,-ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի արտաքին քաղաքականություն. Հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում, որը տեղի է ունենում «Միասնական Ռուսաստան» կուսակցության հարթակում:
Նա նշել է, որ Մոսկվայում «ամենաարդյունավետը մոսկովյան ձևաչափն են համարում», որն արդեն մի քանի անգամ հավաքվել է և ներկայացնում է Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները՝ անկախ նրանից, թե դրանք ունեն ընդհանուր սահման Աֆղանստանի հետ, թե ոչ, ինչպես նաև Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Իրանը, ԱՄՆ-ն և ՌԴ-ն:
«Այն միաժամանակ և ներկայացուցչական է, և մյուս կողմից՝ տարողունակ ու աշխատունակ»,-հավելել է Լավրովը: