Քրդերը 3 կարևոր պայման են դրել Թուրքիայի առաջ
«Քրդական համայնքների միության» (ՔՀՄ - KCK) գործադիր խորհուրդը հրապարակել է հռչակագիր քրդական հարցի դեմոկրատական լուծման և առկա գործընթացի շարունակության համար անհրաժեշտ համարվող քայլերի մասին:
Միջանկյալ նշենք, որ «ՔՀՄ»-ն համարվում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված և արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ - PKK)-ի քաղաքացիական թևը:
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության տեղեկացմամբ' հռչակագրում նշված են երեք կարևորագույն պայմաններ, առանց որոնց անհնար կլինի խուսափել ասիմիլացիայից և մշակութային ցեղասպանությունից: Հատուկ նշվում է, որ առանց այդ երեք պայմանների ի կատար ածման, մնացած բոլոր ասելիքներն ու անելիքները անիմաստ կլինեն:Այս մասին գրում է ermenihaber-ը:
1. Սահմանադրական և օրեսնդրական երաշխիքի տակ առնել քրդերի ունեցվածքը, ինքնությունը և մշակույթը: Ճանաչել քրդերի ինքնակազմակերպման ազատությունը:
2. Ընդունել քուրդ հանրության ինքնակառավարման ժողովրդավարական ազատությունը:
3. Ճանաչել ամեն մակարդակում մայրենի լեզվով կրթություն ստանալու քրդերի իրավունքը և թույլ չտալ մշակութային ցեղասպանության միջոցով քրդերին որպես ժողովուրդ ոչնչացնելը:
«ՔՀՄ» ղեկավարությունը նշել է, որ առաջիկայում կերևա, թե ինչ գործողությունների կդիմեն իրենք, քանի որ ամեն բան կախված կլինի թուրքական իշխանությունների պատասխան վերաբերմունքից: