Արքայազն Հարին իր հուշագրությունում կպատմի՝ ում է մեղադրում մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան համար․ թագավորական կենսագիր
Թագավորական կենսագիր, «Հարի. արքայազնի կենսագրությունը» գրքի հեղինակ Անգել Լևինը հայտնել է, որ արքայազն Հարին իր հուշագրությունում կպատմի մոր՝ արքայադուստր Դիանայի մահվան և դրա համար մեղավորների մասին, գրում է Metro պարբերականը։
«Քաջատեղյակ աղբյուրն ինձ պատմել է, որ Հարիի հուշագրությունը հիմնականում նվիրված է նրա մոր՝ արքայադուստր Դիանայի մահվանը և նրան, թե դրանում նա ում է մեղադրում։ Կարծում եմ՝ շատ կարևոր գիրք է լինելու, բայց միևնույն ժամանակ տխուր է տեսնել, որ նա չի կարողանում մոր մահն անցյալում թողնել»,- հայտնել է թագավորական կենսագիրը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի արքայազն, Սասեքսի դուքս Հարին գրքի միջոցով ներկայացնելու է իր կյանքի պատմությունը՝ առաջին անգամ պատմելով իր փորձությունների, արկածների, կորուստների և կյանքի դասերի մասին, որոնք ձևավորել են իրեն։ Լուսաբանելով իր կյանքը՝ մանկությունից մինչև ներկա, ներառյալ նվիրվածությունը զինվորական ծառայությանը, հայր ու ամուսին լինելու ուրախությունը, արքայազն Հարին ընթերցողներին ներկայացնելու է անկեղծ և հմայիչ անձնական պատկերը, ինչն ընթերցողներին ցույց է տալու, որ ամեն ինչի հիմքում ոգեշնչող, համարձակ և հուսադրող մարդկային պատմությունն է։
«Ես սա գրում եմ ո՛չ թե որպես ի ծնե արքայազն, այլ որպես տղամարդ, որը դարձել եմ։ Իմ կյանքի ընթացքում ես բազմաթիվ գլխարկներ եմ կրել, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով, և հույս ունեմ, որ պատմելով իմ կյանքի վերելքների և վայրէջքների, սխալների և քաղած դասերի մասին կարող եմ ցույց տալ, որ անկախ նրանից, թե որտեղից ենք մենք սերում, շատ ավելի ընդհանուր բաներ ունենք, քան կարծում ենք», - ասել էր արքայազն Հարին։