ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար այլևս չի էլ ձգտում ինչ-որ հիմքեր գտնել. Զախարովա
Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար այլևս չի ձգտում ինչ-որ հիմքեր գտնել, ТАСС-ի փոխանցմամբ՝ «Соловьев Live» հաղորդման եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Բայդեն-Մերկել բանակցություններից հետո ԱՄՆ-ի կողմից «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման ծրագրի պատճառով սահմանված պատժամիջոցների պահպանմանը:
«Ներկա պահին ԱՄՆ-ին պատժամիջոցներ սահմանելու համար նախադրյալներ պետք չեն: Ավելի վաղ նրանց, գուցե, դա պետք էր անել, բայց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց. հիմա նրանց ոչ փաստեր են պետք, ոչ հրահրողներ, ոչ էլ առիթներ՝ ոչինչ էլ պետք չէ: Եթե նրանք իրենց համար անհրաժեշտ համարեն, ապա հետո էլ կարող են միջազգային իրավունքը, երկկողմ համաձայնությունները շահարկել, մտնել ու դուրս գալ դրանցից»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները միտված չեն ժամանակին ունեցած դիրքերի, այն է՝ գերակայող կարգավիճակի վերահաստատմանը:
«Կարծում եմ՝ նրանք հիմա չեն փորձում դա վերագտնել, ինձ թվում է՝ փորձում են ինչ-որ կերպ որոշակիացնել իրենց նոր կարգավիճակը, որովհետև կառավարման միակենտրոն համակարգը երբեք էլ չի ստացվել»,- ասել է Զախարովան: