Պատգամավորական մանդատ՝ քրեական գործերով անցնողներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց ցանկը։ Արդյունքում օգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավոր:
Հետաքրքիր է, որ պատգամավորական մանդատ են ստանալու նաեւ այն թեկնածուները, որոնք անցնում են այս կամ այն քրեական գործով։ Բացի այդ, ԱԺ պատգամավորի մանդատ ստացած «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցիչ՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը եւ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, այժմ կալանավորված են, մեկ այլ թեկնածու Արմեն Չարչյանն էլ ազատ արձակվեց գրավի դիմաց։
Բանն այն է, որ այս թեկնածուների հանդեպ քրեական հետապնդում է իրականացվել որպես պատգամավորի թեկնածու՝ ԿԸՀ թույլտվությամբ, իսկ, ահա, պատգամավորների պարագայում կանոնակարգումն ուրիշ է։ Պետք է գլխավոր դատախազը գա խորհրդարան եւ ներկայացնի նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, ապա ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններ, եւ փակ քվեարկությամբ դրանք հաստատելուց հետո նոր միայն կարող են այդ պատգամավորներին պատասխանատվության ենթարկել։
Նշենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանում այդպիսի դեպք եղավ գեներալ Մանվել Գրիգորյանի պարագայում, իսկ յոթերորդ գումարման խորհրդարանում էլ՝ Գագիկ Ծառուկյանի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: