Էրդողանը Միացյալ Նահանգների բարեկամը չէ. Բոբ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը հանձնաժողովի լսումների ընթացքում դատապարտել է Կիպրոսում երկու պետություն ստեղծելու Թուրքիայի առաջարկը, ինչպես նաև Վարոշայի փակ տարածքի զարգացման ծրագրերը: Այս մասին հաղորդվում է հանձնաժողովի կայքում:
«Կիպրոսի հյուսիս Թուրքիայի ներխուժումը և ապօրինի բռնազավթումը խախտում են միջազգային օրենքը և պետք է ավարտվեն: Կղզու վրա երկու պետություն ստեղծելու Անկարայի կոչերը և Վարոշան զարգացնելու ծրագրերը, չնայած ՄԱԿ-ի բանաձևերին, որոնցով տվյալ տարածքին հատուկ կարգավիճակ է տրվել, սպառնալիք են ոչ միայն Կիպրոսի Հանրապետությանը, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը», – ասել է սենատորը:
Մենենդեսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պետք է օգնի, որ կղզու բաժանմանը վերջ դրվի, և պետք է հետևի, որ Անկարան պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար:
«Պարզ ասած՝ Էրդողանը Միացյալ Նահանգների բարեկամը չէ: Ես անհամբեր սպասում եմ պետքարտուղար Բլինքենի հետ համագործակցությանը՝ Բայդենի վարչակազմի կողմից ձեռնարկվելիք նոր քայլերն ուսումնասիրելու համար, որոնք կերաշխավորեն, որ միջազգային իրավունքի խախտման և կիպրոսցիներից իրենց ճակատագրի վերահսկողությունը գողանալու ակնհայտ վճռականության համար Էրդողանն առերեսվի լրացուցիչ հետևանքների», – հայտարարել է Մենենդեսը: