Նոր կարգավորումներ՝ Թուրքիայում արտերկրից ֆինանսավորվող լրատվամիջոցների համար
Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ այլ երկրներից կամ օտարերկրյա հիմնադրամներից ֆինանսավորվող լրատվական կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու նպատակով նոր կարգավորումներ են լինելու՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Ալթունը, անդրադառնալով ԱՄՆ-ում գործող մի հիմնադրամի կողմից Թուրքիայում լրատվամիջոցներ ֆինանսավորելու մասին վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին, ասել է, որ իրենք շատ մոտիկից հետևում են այդ պնդումներին ու ավելացրել. «Մենք թույլ չենք տա նոր քողարկումներ օգտագործող հինգերորդ շարասյան գործունեությունը»:
Ալթունը հայտարարել է, որ օտար պետությունների ու հիմնադրամների կողմից Թուրքիայում լրատվամիջոցների ֆինանսավորումը չի կարող կապված չլինել որոշ պետությունների ղեկավարների՝ Թուրքիայի քաղաքականությանը ձև տալու ցանկությունների ու նպատակների հետ:
«Ակնհայտ է, որ օտար պետությունների ու հիմնադրամների ֆինանսավորմամբ մեր երկրում գործունեություն ծավալող լրատվական կազմակերպությունների մասով կարգավորման կարիք կա: Այդպիսի կարգավորման օրինակ կա ԱՄՆ-ում, որտեղ արտաքին ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցները 6 ամիսը մեկ անգամ ԱՄՆ-ի իշխանություններին մանրամասն հաշվետվություն են ներկայացնում իրենց գործունեության վերաբերյալ: Թուրքիայում նույնպես նույն կարգավիճակով այլ պետություններից ուղղակի ֆինանսավորում ստացող տարբեր մեդիա կազմակերպություններ կան»,- ասել է Ալթունը և ավելացրել, որ ամենասեղմ ժամկետներում կավարտեն դրանց գործունեությունը համակարգող նոր կարգավորումների մշակման աշխատանքները: