Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել օտարերկրյա ընկերություններին «կամավոր փոխհատուցել երկրի տնտեսությանը պատճառված վնասը՝ կապված հայկական վերահսկողության ընթացքում Ղարաբաղում ոսկու հանքավայրերի ապօրինի մշակման հետ»: Այս մասին գրում է minval.az կայքը:
«Ամբողջությամբ վերլուծվել են մեր ոսկու պաշարները Զանգելանի և Քելբաջարի շրջաններում, որոնք ապօրինի շահագործվել են օտարերկրյա ընկերությունների կողմից: Հրավիրված են միջազգային խորհրդատուներ: Ես նորից եմ ուզում ասել, որ նրանք (ընկերությունները) պետք է կամավոր փոխհատուցեն պատճառված վնասը: Թող վճարեն ադրբեջանական պետությանը հասցված վնասի համար, և դրանից հետո միայն կկարողանան հանգիստ աշխատել»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ հակառակ դեպքում «այս ընկերությունների բիզնես հեղինակությունը, որոնք այլ վայրերում գործունեություն են ծավալում, լրջորեն կտուժի»: