«ՌԴ-ն եղել և մնում է էներգետիկ անվտանգության երաշխավորը ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում». Պեսկով
Ռուսաստանը եղել և մնում է էներգետիկ անվտանգության երաշխավորը ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը միշտ եղել և մնում է Եվրոպական մայրցամաքի էներգետիկ անվտանգության պատասխանատու երաշխավորը, և ես նույնիսկ կխոսեի ավելի լայն, գլոբալ մասշտաբի մասին: Ոչ ոք չի կարող այս առումով որևէ նախադեպ անվանել», - ընդգծել է Պեսկովը:
Նրա խոսքով, 2024 թվականից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման երկարացումը պետք է որոշվի բացառապես տնտեսական շահութաբերությամբ:
«Սա բացառապես տնտեսական իրագործելիության և շահութաբերության խնդիր է», - ասել է Պեսկովը: Նրա խոսքով՝ ռուսական կողմը համաձայն չէ ԱՄՆ-ի և Գերմանիայի հայտարարությունից այն մեջբերման հետ, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում վնասակար գործողություններ և ագրեսիա է ցուցադրում:
«Ո՛չ Ուկրաինայում, ո՛չ էլ նրա սահմաններից դուրս Ռուսաստանի որևէ ագրեսիա չի եղել և չկա, Ռուսաստանը ոչ մի վնասակար գործողություն չի կատարել և դրանով չի զբաղվում», - ընդգծել է Պեսկովը` նշելով, որ Կրեմլը մանրակրկիտ ուսումնասիրել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության տեքստը:
Նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է այս հայտարարության բովանդակության մասին:
«Իհարկե, տեքստը պարունակում է բաներ, որոնց հետ մենք չենք կարող համաձայնվել, և բաներ, որոնք մենք պատրաստ ենք ողջունել», - հայտարարել է Պեսկովը: