Իրանը հուսով է սեպտեմբերին սկսել նանոլիպոսոմային տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվող կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները
Իրանի նանոտեխնոլոգիաների ոլորտում նորարարությունների խորհրդի ղեկավար Սայեդ Սարքարը հայտնել է, որ իրանցի մասնագետներն աշխատում են ամերիկյան Pfizer ընկերության ստեղծած պատվաստանյութի նմանությամբ և նանոլիպոսոմային տեխնոլոգիայի հիման վրա մշակվող մատրիցային ՌՆԹ-ով հակակորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ, գրում է Tehran Times թերթը և հավելում, որ դրա փորձարկումները սկսվելու են այս տարվա սեպտեմբերին։
«Հուսով ենք, որ կլինիկական փորձարկման առաջին փուլը կսկսվի ամռան վերջին՝ Իրանն ընդգրկելով առաջատար տեխնոլոգիական ձեռքբերում գրանցած երկրների շարքում», - ասել է Սարքարը։
Ներկայում իրանական 16 գիտելիքահեն ընկերություններ աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մինչև սեպտեմբեր երկրի իշխանությունները մտադիր են 30 միլիոն չափաբաժին տեղական պատվաստանյութ արտադրել։