Բաքվում հրապարակվել է ՌԴ քաղաքացի Է. Դուբակովի դատավճիռը. Ադրբեջանը նրան մեղադրում է Արցախում հայկական կողմից կռվելու համար
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հրապարակել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի գործով վճիռը: Նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Պատժի ավարտից հետո Դուբակովը վտարվելու է Ադրբեջանից, գրում է haqqin.az-ը:
Հայտնի է, որ ադրբեջանական կողմը նրան մեղադրում է Արցախյան պատերազմի ժամանակ «անօրինական զինված խմբավորման կազմում մարտերին մասնակցելու», «ահաբեկչական գործողություններ իրականացնելու», «հանցավոր համաձայնությամբ Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու» համար:
Ավելի վաղ դատախազը Դուբակովի համար պահանջել էր 11 տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում: Դուբակովի փաստաբանը դատալսման ժամանակ հայտարարել էր, որ իր պաշտպանյալը ներգրավված է եղել զորավարժություններում, սակայն չի կռվել Ադրբեջանի զինված ուժերի դեմ:
«Խնդրում ենք այս փաստն ընդունել որպես մեղմացուցիչ հանգամանք»,- ասել էր փաստաբանը:
Դուբակովը ձերբակալվել էր հունվարին: