Վաճառքի է հանվել Թոմ Հենքսի տուն-մեքենան, որում դերասանը բնակվել է առնվազն 18 ֆիլմի նկարահանումների ժամանակ (լուսանկարներ)
«Ֆորեսթ Գամփ» ֆիլմի աստղ, դերասան Թոմ Հենքսը որոշել է վաճառել 1992 թվականի արտադրության Airstream 34 Excella տուն-մեքենան: Այն Հենքսին է պատկանել վերջին 24 տարում, դրանով դերասանը հասցրել է ճամփորդել գրեթե ամբողջ Միացյալ Նահանգներով, գրում է motor.ru-ն:
Տուն-մեքենան վաճառքի կհանվի օգոստոսի 13-ին՝ Quail Lodge-ի աճուրդի ընթացքում, որը կանցկացվի Կալիֆորնիա նահանգում:
Նշվում է, որ ակնկալվում է այն վաճառել 150-ից 250 հազար դոլարով:
Որպես բոնուս՝ գնորդին կտրվեն նաև դերասանի ինքնագրով հուշանվերներ, օրինակ՝ «Ապոլլոն 13» ֆիլմից բաժակ և այլ իրեր:
Տուն-մեքենան օգտագործվել է ոչ միայն ճանապարհորդությունների համար. դերասանը բնակվել է դրանում առնվազն 18 ֆիլմի՝ «Ապոլլոն 13», «Ֆորեսթ Գամփ», «Բռնիր ինձ, թե կարող ես» և այլ ֆիլմերի նկարահանումների ժամանակ:
Տուն-մեքենայի սրահը նախագծել է անձամբ դերասանը, այն պատրաստված է բնական փայտից. տեղադրվել է փոքրիկ խոհանոց, կա ննջարան ու լոգարան: Տեղ է գտնվել նաև էլեկտրական բուխարու, կահույքի համար: Ի դեպ, ամբողջ կահույքը վաճառվելու է մեքենայի հետ միասին: