«Երբեք չեմ կարողանա առաջ շարժվել, մինչև չպատմեմ ամբողջ պատմությունն իմ տեսանկյունից»․ Բրիթնի Սփիրսը գրառում է արել (լուսանկարներ)
Ամերիկացի փոփ աստղ, 39-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսն իր ինստագրամյան էջում «ինչ-որ մի օր» գրությամբ լուսանկար է հրապարակել և կից գրառում արել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
«Ես իմ վերջին հրապարակումներից մեկում ասել եմ «կյանքը շարունակվում է», սակայն դա երբեմն ամենահեշտ բանն է, որ կարող ենք ասել։ Բայց կարծում եմ բոլորս էլ գիտենք, որ ես երբեք չեմ կարողանա առաջ շարժվել մինչև չպատմեմ ողջ պատմությունը իմ տեսանկյունից ․․․ և ես նույնիսկ մոտ չեմ դրան։ Ինձ շատ երկար ժամանակ ասել են, որ հանգիստ մնամ և ես վերջապես զգում եմ, որ այստեղ եմ», - լուսանկարին կից գրել է փոփ երգչուհին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Բրիթնի Սփիրսին նկատել էին մատնեմատին ադամանդե մատանիով։
Ավելի վաղ դատավորը չէր բավարարել ամերիկացի փոփ երգչուհու դատական հայցը։ Դատարանի որոշման համաձայն՝ երգչուհին դեռևս ի վիճակի չէ ինքնուրույն կառավարել սեփական միջոցները։ Այնուամենայնիվ երգչուհին պահպանում է նոր հայց ներկայացնելու իր իրավունքը։ Բրիթնի Սփիրսը նիստի ընթացքում դատարանին խնդրել է դադարեցնել իր նկատմամբ հոր խնամակալության իրավունքը։ Առցանց ռեժիմով դատական նիստին մասնակցելով՝ երգչուհին նշել է, որ խնամակալության պատճառով չի կարողանում ամուսնանալ և երեխաներ ունենալ, քանի որ թույլատրված չէ։
39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ, որը 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։
Անցյալ տարի դատարանը չէր բավարարել Սփիրսի՝ դստեր նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու մասին հայցը: Դրանից առաջ երգչուհին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ հոր խնամակալության իրավունքի, իսկ նրա փաստաբանը շեշտել էր, որ աստղը ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը: