Եկավ մի պահ, հասկացա, որ կորցնում եմ ինձ․ Անուշ Ավակյան (տեսանյութ և լուսանկարներ)
Մինչ պատերազմը բավականին շատ համերգներ եմ ունեցել մեր զինվորների համար։ Այնքան ջերմ ու լավ են անցել մեր համերգները, որ խոսելիս անգամ վերապրում եմ այդ պահերը, ինչը ցավոք, դեռևս կրկնել չեմ կարող, այս մասին Operativ լրատվականի հետ զրույցում զրույցում ասել է երգչուհի Անուշ Ավակյանը:
Զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։
-Ողջույն Անուշ։ Ինչպիսի՞ն էր Անուշը մինչև պատերազմը և հիմա։
- Պատերազմից առաջ էլ, հետո էլ Անուշը կյանքին նայում է ուղիղ, իրավիճակը գնահատում ՝ ինչպիսին կա։ Ազնիվ է նախ ինքն իր հետ, ու փորձում է չթողնել լավատեսությունը։ Սիրում է հայրենիքն ու ցավում նրան հասցված հարվածների համար։ Անուշ Ավակյան երգչուհու հետ մի փոքր այլ է։ Երգչուհին կարոտում է բեմը, իր հանդիսատեսին, երբեմն երկմտում ՝ մասնակցե՞լ, թե ոչ տվյալ համերգին,գուցե ճիշտ չհասկանան մարդիկ։ Ամեն դեպքում՝ չի դադարել երգել ու աշխատել, պարզապես տեղափոխվել է տաղավարային ֆորմատ, ապրումները խեղդել երգ - երաժշտության մեջ։
-Այնուամենայնիվ , տարբեր միջոցառուների մասնակցեցիք Անուշ։ Չէի՞ք վախենում մարդկանց արձագանքից, որոնք վերջերս շատ ավելի էմոցիոնալ են դարձել, և առիթը բաց չեն թողնում մարդկանց անտարբերության, սառնարտության մեջ մեղադրել։
- Իհարկե կար, բայց գումար աշխատելու համար չեմ մասնակցել համերգների։ Պատերազմից առաջ էլ ես բարեգործական հիմունքով մասնացել եմ տարբեր միջոցառումների, համերգների։ Համաճարակը մեզ ստիպեց դադարեցնել համերգները, իսկ պատերազմը ուղղակի նաև հոգեպես ստիպեց լռել։ Եկավ մի պահ, երբ հասկացա, որ կորցնում եմ ինձ, թուլանում եմ, և հենց այդ պահին էլ հասկացա, որ մենք թուլանալու իրավունք չունենք։ Մենք դեռ պիտի հնչեցնենք հայի անունն ու դեռ պիտի հաղթանակներ տոնենք։ Մեր ազգը իր գենի մեջ ուժեղություն ունի։ Այո՛, մենք տառապանք շատ ենք տեսել, բայց միշտ ոտքի ենք կանգնել, ու հաղթահարել ամեն ինչ։ Վերջին համերգը մասնկացել եմ երեխաների տոնի առթիվ։ Կարծում եմ՝ նրանք չպիտի դառնան այս դժվարին ժամանակների կրողը։ Քննադատություններ միշտ կարող են լինել, սակայն իմ խիղճը մաքուր է, ես փորձել եմ իմ հնարավորության չափով մարդկանց ոգեշնչել, որ ամեն ինչ դեռ կորած չէ․ Պիտի ոտքի կանգնենք ու առաջ շարժվենք։
-Քաղաքականությամբ հետաքրքրվո՞ւմ եք։
- Ոչ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ամեն մեկը պիտի զբաղվի իր գործով։ Իմ համերգներն էլ երբևէ քաղաքական երանգ չեն ունեցել, որևէ մեկի կողմից չեմ ներկայացել։ Ես երգել եմ իմ ժողովրդի համար։
- Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում, ինչո՞վ եք զբաղվում այժմ։
-Պատրաստվում եմ նոր ալբոմ ներկայացնել իմ հանդիսատեսին։ Ալբոմում կլինեն ինչպես հին սիրված, այնպես էլ հեղինակային երգեր։
-Վերջերս երգի և տեսահոլովակի պրեմիերա ունեցաք Հայաստան վերնագրով։ Ինչպե՞ս է ծնվել երգը, կապվա՞ծ է մեր հայրենիքում կատարվող վերջին իրադարձությունների հետ։
-Խոսքերի և երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արտյոմ Աբովյանը։ Երգը գրվել է դեռ 2 տարի առաջ, սակայն տարբեր պատճառներով պրեմիերան հետաձգվում էր։ Անկախության տոնից 2 շաբաթ առաջ որոշեցի, որ այն հանդիսատեսին ներկայացնելու ժամանակն է, և ընդամենը 2 շաբաթում նկարահանեցինք և մոնտաժեցինք տեսահոլովակը։ Երգի և տեսահոլովակի համար շնորհակալ եմ ողջ ստեղծագործական խմբին, հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արթուր Մանուկյանին, ով գտնվում էր ԱՄՆ-ում, սակայն հեռակա ակտիվ մասնացել է տեսահոլովակի նկարահանումներին։
-Անուշ, ովքե՞ր են Ձեր խորհրդատուները երաժշտության ոլորտում։
-Դեռ մանկուց ես մեծացել եմ երաժշտական ընտանիքում։ Մայրս ու քույրս ևս երգչուհի են։ Միշտ խորհրդակցել ենք միասին։ Հիմա, երբ համագործակցում եմ պրոդյուսերական թիմի հետ, խորհրդատուներս ավելի շատ են՝ Կարպիս Թիթիզյանի գլխավորությամբ։ Նա իր գործի գիտակ է, և գիտի, երբ ինչ է պետք երգել, որպեսզի հաջողությունը չընդատվի։ Հիմա ես ազատված եմ բոլոր այն հոգսերից, որոնք ունեի, երբ միայնակ էի աշխատում, որի համար շնորհակալ եմ անչափ։
-Անուշ, ի՞նչ կասեք ընթերցողին։
- Առիթից օգտվելով ՝ուզում եմ նախ շնորհակալություն ասել ու խոնարհվել բոլոր մայրերի առաջ, ում որդիների շնորհիվ ապրում ենք։ Փառք ու պատիվ սահմանին կանգնած մեր տղերքին, հավերժ փառք նրանց, ովքեր երկնքում են։ Իսկ իմ ընթերցողին շնորհակալ եմ մշտապես կողքիս լինելու ու ոգևորելու համար։