Հայտնի է` քանի միլիոն դոլար կստանա արքայազն Հարրին իր հուշագրության համար (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին իր հուշերը պատմող գրքի համար 20 միլիոն դոլար հոնորար կստանա Penguin Random House հրատարակչությունից, հայտնում է Page Six-ը՝ հղում տալով իր աղբյուրներին և հավելում, որ նախնական տեղեկությունների համաձայն` գրքի վաճառքի ողջ շահույթը փոխանցվելու է բարեգործության, սակայն հայտնի չէ` արդյոք դա վերաբերում է արքայազնի հոնորարին, թե ոչ։
Նշվում է, որ գրքի համահեղինակ, ամերիկացի վիպասան և լրագրող Ջ․ Ռ․ Մոեհրիգերը կստանա 1 միլիոն դոլար։ Նույն հրատարակչությունը, որը նախկինում հրատարակել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ՝ Միշել Օբամայի հուշագրությունները, Օբամաների ընտանիքին 65 միլիոն դոլար հոնորար է վճարել։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մեծ Բրիտանիայի արքայազն, Սասեքսի դուքս Հարրին գրքի միջոցով ներկայացնելու է իր կյանքի պատմությունը՝ առաջին անգամ պատմելով իր փորձությունների, արկածների, կորուստների և կյանքի դասերի մասին, որոնք ձևավորել են իրեն։ Լուսաբանելով իր կյանքը՝ մանկությունից մինչև ներկա, ներառյալ նվիրվածությունը զինվորական ծառայությանը, հայր ու ամուսին լինելու ուրախությունը, արքայազն Հարին ընթերցողներին ներկայացնելու է անկեղծ և հմայիչ անձնական պատկերը, ինչն ընթերցողներին ցույց է տալու, որ ամեն ինչի հիմքում ոգեշնչող, համարձակ և հուսադրող մարդկային պատմությունն է։
«Ես սա գրում եմ ո՛չ թե որպես ի ծնե արքայազն, այլ որպես տղամարդ, որը դարձել եմ։ Իմ կյանքի ընթացքում ես բազմաթիվ գլխարկներ եմ կրել, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով, և հույս ունեմ, որ պատմելով իմ կյանքի վերելքների և վայրէջքների, սխալների և քաղած դասերի մասին կարող եմ ցույց տալ, որ անկախ նրանից, թե որտեղից ենք մենք սերում, շատ ավելի ընդհանուր բաներ ունենք, քան կարծում ենք», - ասել էր արքայազն Հարին։
Հրատարակչության գործադիր տնօրեն Մարկուս Դոլը, իր հերթին, նշել է, որ ուրախ են արքայազնի գիրքը տպագրելու հնարավորության համար՝ նրան ընդգրկելով աշխարհի հռչակավոր առաջնորդների, խորհրդանիշերի և աշխարհը փոխող մարդկանց շարքում։
Գիրքը հրատարակվելու է Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև հասանելի կլինի գրքի աուդիո տարբերակը։ Հուշագրությունը հրատարակվելու է 2022 թվականի աշնանը, ողջ հասույթը փոխանցվելու է բարեգործության։