Էրդողանն ու Հս. Կիպրոսի առաջնորդը հայտնել են Կիպրոսի գրավյալ տարածքում գտնվող Ֆամագուստա քաղաքի մի մասի վերաբացման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը հայտարարել են Կիպրոսի գրավյալ տարածքում գտնվող Ֆամագուստա քաղաքի մի մասի վերաբացման մասին, գրում է Ahval թերթը։
Թաթարը նշել է, որ քաղաքի տարածքի 3,5 տոկոսում կվերացվի ռազմական կարգավիճակն ու այն քաղաքացիական կարգավիճակ կստանա։ Հայտարարությունը հնչել է Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ընթացքում, որը կայացել էր Կիպրոս թուրքական ներխուժման 47-ամյակի առթիվ։
Ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել է «Թուրքական Կիպրոսի թշնամիների մասին»՝ ասելով․ «Նրանք ելույթներ կունենան Կիպրոսի մասին, սակայն մեզ չի հետաքրքրում, թե ինչ են խոսում»։
Թուրքիայի նախագահը կրկին անդրադարձել է Կիպրոսում երկու պետություն ստեղծելու տարբերակով հարցի լուծմանը՝ քննադատելով Եվրամիությանը, որը մերժել է հակամարտության նման կարգավորումը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենն այս ամսվա սկզբին Նիկոսիայում ասել էր, որ 27 անդամ պետություններից կազմված դաշինքը, որին Կիպրոսը միացել է 2004 թվականին, «երբևէ» նման համաձայնության չի գա, ինչին ի պատասխան Էրդողանը նշել է, որ կանեն այն, ինչ պետք է։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն՝ 1974 թվականին Կիպրոս թուրքական զորքերի ներխուժման տարեդարձին նվիրված արարողությանը մասնակցելու՝ նպատակ ունենալով հիշեցնել օկուպացիայի մասին՝ առանց երկու կողմերի միջև խաղաղ բանակցությունները տապալելու։
Թուրքիայի նախագահի հաղորդակցման հարցերով տնօրեն Ֆահրեթին Ալթունն աջակցություն էր հայտնել Կիպրոսում 2 պետությունների ստեղծմանը։
«Երկու կողմերը չեն կարող միասին նույն հարկի տակ ապրել։ Մենք պետք է իրատես լինենք, եթե չենք ուզում այս վեճը մեր երեխաներին փոխանցել», - ասել էր Ալթունը, ինչին ի պատասխան Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նշել էր, որ ժամանակն անցնում է, սակայն ոչ ոք չի մոռանում 1974-ի ներխուժումը, և շեշտել, որ այս հարցում Հունաստանի տեսակետն անփոփոխ է։