17 տարի կառուցված ռեկորդակիրը. Իսպանիայում ավարտվել է ԵՄ-ում ամենաբարձրահարկ բնակելի շենքի կառուցումը (լուսանկարներ)
Իսպանիայում ավարտվել է Intempo երկնաքերի կառուցումը, որն ամենաբարձրահարկ բազմաբնակարանային շենքն է Եվրոպական Միությունում:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, Բենիդորմ քաղաքում կառուցված ռեկորդակիր շենքի բարձրությունը 187 մետր է: Զույգ աշտարակներն աչքի են ընկնում նաև Իսպանիայում գործող ամենաարագ վերելակով, որը բարձրանում է վայրկյանում 4,2 մետր և ամենավերին հարկ կարող է հասնել 52 վայրկյանում:
Աշտարակները վերնամասում միավորված են ադամանդաձև կառույցով, որտեղ պենտհաուսի գինը կազմում է մոտ 2 մլն եվրո: Մյուս հարկերում բնակարանների գները սկսվում են 257 000 եվրոյից:
Հաղորդվում է, որ 256 բնակարանից 100-ն արդեն նախնական վաճառվել է, 60 տոկոսն իսպանացիներ են գնել, մնացած մասը` ռուսներ, սկանդինավցիներ, գերմանացիներ և բելգիացիներ:
Intempo-ն կառուցել են 17 տարի, և այդ ընթացքում երկնաքերը մի քանի սեփականատեր է ունեցել:
Սեփականատերերը վստահ են, որ երկնաքերի բացումն առանցքային քայլ է Բենիդորմը Միջերկրական ծովի ափին «Մայամիի» վերածելու ճանապարհին: