Գորիսի կրակոցների գործը կամաց-կամաց «գրվում է սառույցին». երկու կողմն էլ չի ուզում գործին ընթացք տրվի. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Ի՞նչ ընթացքի մեջ է Գորիսում հնչած կրակոցների գործը: Հիշեցնենք, որ դրանց անմիջական մասնակցություն ունեն Սյունիքի ներկա մարզպետի որդին՝ Կարեն Պողոսյանը, եւ նախկին մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Կա՞ արդյոք գործով կալանավորված կասկածյալ: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, որտեղից մեզ պատասխանեցին. «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել են առգրավումներ, զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք»:
- Կա՞ն գործով անցնող կասկածյալ կամ կասկածյալներ:
- Մինչ այս պահը գործով անցնող երկու տուժողներն էլ հրաժարվել են ցուցմունք տալ, ընթանում է նախաքննություն:
«Իրավունքին» հասած լուրերի համաձայն՝ երկու կողմերն էլ չեն ուզում գործին իրավական ընթացք տրվի, եւ, ըստ Գորիսում շրջանառվող լուրերի, փորձում են հարթել միջադեպը, որովհետեւ որեւէ կողմի ձեռնտու չէ այս գործի հետագա ընթացքը:
Բայց նաեւ բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել, ու քանի որ դեռ որեւէ մեղադրյալ չկա, ապա զգացվում է, որ իրավապահներն էլ առանձնապես իրենց չեն կոտորում գործը բացելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: