Անասնակերի դեֆիցիտ կա. ինչպես է լուծվելու խնդիրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Հայաստանում այս տարի անասնակերի դեֆիցիտ կա: «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում հեռախոսազանգեր ստանալ ֆերմերներից այն մասին, որ այս տարի ջրի սակավության պատճառով բավարար քանակությամբ խոտ չեն կարողացել հավաքել. չեն կարողացել ոռոգել դաշտերը եւ խոտի ակնկալած քանակությունը չեն հավաքել:
Իսկ եթե անասնատերը կարողանում է հայթայթել, ապա շատ բարձր գնով եւ քիչ քանակությամբ. խոտի մեկ հակի գինը գերազանցում է 1800 դրամը՝ հասնելով 2000 դրամի: Ավելին, մասնագետների կանխատեսմամբ՝ անասնակերի պակասի եւ բարձր գնի պատճառով չի բացառվում, որ առաջիկայում անասնագլխաքանակը կկրճատվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արցախից մեծ քանակությամբ անասնագլխաքանակ է տեղափոխվել Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում, այդ պատճառով անասնակերի պահանջարկն է ավելացել:
Բայց, չնայած սրան, անասնակերով չապահովելու դեպքում ֆերմերները ստիպված են լինելու իրենց անասուններին հարկադիր մորթի ենթարկել: Հետաքրքիր է՝ էկոնոմիկայի նախարարի ԺՊ Վահան Քերոբյանը տեղյակ է արդյոք այս խնդրի մասին, ձեռնարկում է որեւէ բան, թե ոչ: Այս պահի դրությամբ, կարծես թե, առարկայական ոչինչ չի արվում նրա եւ նրա ղեկավարած կառույցի կողմից: