Արցախին կփոխանցվի 4000 միավոր բազմաբնույթ գրականություն
Հայկական գրադարանային ասոցիացիան Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ 2021 թվականի մայիսին նախաձեռնել էր «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք` օժանդակելու Արցախի ֆոնդի համալրմանը, մեղմելու գրքային հավաքածուի կորուստը։
Հուլիսի 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի է ունեցել գրքերի նվիրաբերման միջոցառումը` ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մասնակցությամբ։
Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Ռուզան Տոնոյանը տեղեկացրել է, որ գրքահավաքին մասնակցել են հրատարակչություններ, գրադարաններ, անհատներ, ընթերցողներ, բազմաթիվ գրքասերներ։ Արդյունքում հավաքվել է շուրջ 4000 միավոր բազմաբնույթ գրականություն, որը պաշտոնապես կփոխանցվի Արցախին՝ փոքր-ինչ նվազեցնելու այն բացը և կորուստը, որն ունեցել են Արցախի գրադարանները:
Ռուզան Տոնոյանը՝ վստահություն հայտնելով, որ նախաձեռնությունը շարունակական բնույթ կունենա, շնորհակալություն է հայտնել նախաձեռնության բոլոր մասնակիցներին. «Վստահ եմ, որ պարբերաբար կհավաքագրվեն անհրաժեշտ գրքերը մեր ընթերցողների, անհատների, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, հրատարակիչների, տարբեր կազմակերպությունների կողմից և բոլորի միահամուռ ջանքերով կկարողանանք լրացնել բացը»:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն էլ շեշտել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո մարդկային, մշակութային, գույքային զգալի կորուստներ են կրել.
«127 համայնքային և դպրոցական գրադարան ու 618 հազար գիրք են մնացել հակառակորդի կողմից օկուպացված տարածքներում: Օրինաչափ է, որ բոլոր պատերազմներից հետո փոխվում ենք, սկսում ենք արժևորել մեր մշակութային ներուժը: Հիմա էլ Արցախում կարելի է ասել՝ պատերազմն ավարտված չէ և մշակույթի տարածքում է շարունակվում, իսկ այս նախաձեռնությունն օգնելու է մեր դիմագծի, ինքնության, մեր տեսակի պահպանմանը»:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ նշել է, որ ամենօրյա ռեժիմով փորձ է արվում գտնելու և օգտագործելու բոլոր հնարավոր միջոցները, ապահովելու կորսված արժեքների ֆիզիկական, այժմ նաև տեղեկատվական անվտանգության հարցերը:
«Կորուստը հետ բերելու պայքարը չպետք է խանգարի կենդանի գործընթացներին, իսկ գրքահավաքությունը գեղեցիկ նախաձեռնություն է: Առաջարկում եմ, որ այն դնենք ավելի բարձր տեղեկատվական մակարդակի վրա, որովհետև սա զուտ գիրք փոխանակելու խնդիր չէ, այլ հսկայական հոգեբանական նշանակություն ունի, որով դրսևորում ենք մեր միասնականությունը: Մենք պատմականորեն գրի, գրքի, բանականության ժողովուրդ ենք և նման նախաձեռնություններով վերահաստատում ենք մեր լուսավոր էությունը: Ցանկանում եմ, որ գրքահավաք այս արշավը դառնա զանգվածային լայն արարողություն»,- փաստել է Արա Խզմալյանը և պատրաստակամություն հայտնել նախաձեռնությունն իրականացնել առավել բարձր տեղեկատվական հենքի վրա՝ այն դարձնելով շարունակական:
Նշենք, որ «Գիրքը՝ Արցախին սպեղանի» խորագրով գրքահավաք նախաձեռնությունը Հայկական գրադարանային ասոցիացիան իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ: