Անկարայում տիրոջից փախած մատաղացու ցուլը պոզահարել է անցորդներին, ապա ներխուժել սրճարան (տեսանյութ, լուսանկարներ)
Անկարայի Յեննիմահալե (Նոր թաղամաս) շրջանում Կուրբան Բայրամ տոնի համար նախատեսված մատաղացու ցուլը փախել է տիրոջ մոտից` վնասելով քաղաքացիներին և նրանց ստիպելով մի քանի կիլոմետր վազել քաղաքով: Այս մասին տեղեկացնում է haberturk.com կայքը:
Ցուլը ժամանակ առ ժամանակ հայտնվել է փողոցի կենտրոնում` վտանգելով երթևեկությունը, որոշ քաղաքացիներ փորձել են բռնել կենդանուն, սակայն կոտոշահարվել են:
Ցուլը, վախենալով իր շուրջ հավաքված քաղաքացիներից, ներխուժել է սրճարան, որի հաճախորդները սկսել են խուճապահար փախչել:
Ի վերջո, սրճարան ժամանած հատուկ ծառայության աշխատակիցներին հաջողվել է հանգստացնել ցուլին թմրացնող միջոցներով, կապել նրան և հանձնել տերերին: