Չկա հստակ վիճակագրություն, թե ՌԴ-ում հայերից քանիսն են հիվանդացել կորոնավիրուսով, քանիսն են մահացել
Ռուսաստանում կորոնավիրուսը նորանոր «բարձունքներ» է նվաճում ու նոր ռեկորդներ սահմանում: Օրական հաստատվում է կորոնավիրուսի 24 հազարից ավելի դեպք: Մահացության թիվը ևս ռեկորդներ է սահմանում. օրական մահացությունը հասել է արդեն 750-800-ի: Տեսակետ կա, որ հաշվի առնելով, որ Ռուսաստանում հարյուր հազարավոր մեր հայրեակիցներ են բնակվում, Հայաստանը պետք է օգնության ձեռք մեկնի, այդ թվում բժիշկներ ու բուժսարքավորումներ ուղարկի թեկուզ որևէ ռուսաստանյան մարզ, որտեղ այդ օգնության կարիքը կա:
Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանի հետ:
«Վերջին շրջանում, իսկապես, Ռուսաստանում շատերն են սկսել հիվանդանալԿովիդ 19-ով, շատ են մահերը: Գիտեմ, որ մի քանի օր առաջ արդեն օրական 800 մահ էր գրանցվել, որից 200-ը միայն Մոսկվայում:
Ես անկեղծ ասած չգիտեմ՝ ով կարող է նման բան կազմակերպել, ինչպես: Դա վերաբերում է բուժաշխատողներին, պետական իշխանության մարմիններին, որտեղ մեկը մարդասիրական խնդիրներով է զբաղված, մյուսը մոբիլիզացիայի և այլն: Ընդ որում, այստեղ որևէ նշանակություն չունի՝ հիվանդը ռուս է, հայ, բաշկիր, թաթար, թե ադրբեջանցի»,-ասաց նա:
Արամ Խաչատրյանը նշեց, որ ինքն ամեն օր հետևում է, թե Մոսկվայի մարզում որքան հիվանդանալու և մահվան դեպքեր են գրանցվում. «Մահանում են շատերը, ես և ռուս ծանոթներ ունեմ, որոնք մահացել են, և հայ: Սա ողբերգություն է բոլորի համար և տարբերակել ու ասել՝ ռուսների շրջանում մահերը քիչ են, տաջիկների շրջանում շատ, արդար չի լինի:
Ես կարծում եմ՝ չկա հստակ վիճակագրություն, թե հայերից քանիսն են հիվանդացել կորոնովիրուսով, քանիսն են մահացել: Ոչ ոք նման վիճակագրություն չի վարում: Մեր մեջ ասած, բոլորս գիտենք, որ այստեղի հայկական կազմակերպությունները ֆոևրմալ բնույթ են կրում: Այդ կազմակերպությունները իրականացնում են մշակութային աշխատանքներ, ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս տարբեր հայտարարություններով՝ նշելով, որ համառուսաստանյան կառույցներ են, ՌԴ տարածաշրջաններում ունեն իրենց ստորաբաժանումները, մինչդեռ իրականում ես չեմ կարծում, թե որևէ մեկը այդպիսի հաշվառում է անում: Ֆրանսիայում, ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունները շատ համախմբված են, գուցե այնտեղ կա նման վիճակագրություն, այստեղ նման բան չկա, այստեղ ամեն ինչ ֆորմալ բնույթ է կրում»,-ընդգծեց նա: