Մակրոնը Հիտլերի կերպարում. Ֆրանսիայում դատախազությունը գործ է հարուցել սկանդալային պաստառների պատճառով (լուսանկար)
Ֆրանսիայի Տուլոն քաղաքի դատախազությունը գործ է հարուցել գովազդային վահանակի վրա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի կերպարում պատկերելու կապակցությամբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով France Bleu ռադիոկայանին:
Ըստ ռադիոյի, հետաքննությունը սկսվել է երեքշաբթի՝ կապված այն բանի հետ, որ վերջերս Տուլոնում և Լա Սեն-սյուր-Մեր կոմունայում հայտնվել են ֆոտոմոնտաժներով պաստառներ: Մակրոնը պատկերված է Հիտլերի կերպարում, կողքին՝ կարմիր ֆոնի վրա սպիտակ տառերով գրված է. «Հնազանդվի՛ր. պատվաստվի՛ր»: Դրա կողքին կա նաև LREM հապավումը ՝ Մակրոնի կուսակցության անվանումը («Առա՛ջ, հանրապետություն»):
Դեպքը հետաքննում է Տուլոնի ոստիկանության անվտանգության բաժնի ծառայությունը: Գովազդային վահանակների պատկերի հեղինակի դեմ զրպարտության մեղադրանքով քննություն է սկսվել: Ինչպես նշում է ռադիոն, անցած հանգստյան օրերին գովազդային վահանակներից մեկի վրա սև գույնով մակագրություն էր հայտնվել. Գլխատառերով գրված «ամոթ» բառը:
Ըստ տարածաշրջանային Var-Matin պարբերականի, ծաղրանկարիչը տեղացի ակտիվիստ Միշել-Անժ Ֆլորին է, որը հայտնի է նման գործողություններով: Այսպիսով, նա ցանկանում էր հեգնանքով խոսել Ֆրանսիայում սանիտարական նորմերի և առողջապահական ոլորտի աշխատողների պարտադիր պատվաստումների մասին, նշում է պարբերականը: