Տպավորություն է, որ ընդդիմադիրների գործողություններից Փաշինյանի անհանգստությունն ավելի մեծ է, քան Ադրբեջանից ու Թուրքիայից. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր հայրենիքի մի մասի կորստի ու ցավալի պարտության պատճառով ապրում ենք մի այնպիսի բարդ ժամանակաշրջանում, որը հետագայում տեղ է գտնելու հայոց պատմության սև էջերում։ Իհարկե, ապագայում դեռ խոր վերլուծության կենթարկվի ու համապարփակ գնահատական կտրվի Հայաստանում տեղի ունեցածին, որի արդյունքում ջրի երես դուրս կգան բոլոր փաստերը։ Բայց խնդիրն այն է, որ իշխանություններին արդեն իսկ թվում է, որ եթե իրենց հաջողվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերարտադրվել, ապա իրենք մշտապես կարող են մնալ երկրի ղեկին։ Սակայն արևի տակ ոչինչ հավերժական չէ, և ամեն ինչ փոփոխական է ու անցողիկ, իշխանություններն՝ առավել ևս, որոնք փոխարինում են մեկը մյուսին։
Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ իշխանություններին կամ բռնապետներին թվացել է, թե «իրենց դեմ խաղ չկա», իրենք միշտ պաշտոնավարելու են, բայց որոշ ժամանակ անց (հաճախ՝ կարճ ժամանակ անց) հանկարծ այնպիսի շրջադարձային դեպքեր են տեղի ունեցել, որոնց արդյունքում շատ արագ եկել է այդ իշխանությունների ու բռնապետների տխուր վախճանը։ Բայց, ինչպես երևում է, «քայլողների» իշխանությունը ընդունակ չէ սթափ դատել. առանց այդ էլ մի բան չէին, հիմա էլ ընտրությունների արդյունքում, կարծես թե, լիովին ընկել են ամբարտավանության ու մեծամտության գիրկը՝ կտրվելով իրականությունից։ Նաև դրանով է պայմանավորված, որ հազար ու մի սոցիալական և անվտանգային խնդիրները մոռացության մատնելով՝ իշխանական պատգամավորներն իրենց փողերն ավելացնելով են զբաղված։
Իսկ գործադիրում էլ մտածում են, թե ինչպիսի նախագծեր առաջ քաշեն, որ գաղտնի դառնան մեկ անձից գնումներն ու պաշտոնյաների գործուղումները։ Սակայն սա Փաշինյանի իշխանության միակ յուրահատուկ բնութագրիչը չէ։ Փաշինյանի հիմնական մղումներն են դարձել վախը, վրեժխնդրությունը և մանրախնդրությունը։ Պատահական չէ, որ նա Սյունիքում քարոզարշավի ընթացքում քաղաքական վենդետաներ ու քաղաքացիական վրեժ էր խոստանում՝ սպառնալով, որ Սյունիքի համայնքապետները հայտնվելու են բանտախցում, նրանց ասֆալտին փռելով են տանելու։ Հիմա արդեն Փաշինյանը վրեժխնդիր է լինում այդ համայնքապետներից ու մյուս կողմից էլ թուլացնում է Սյունյաց աշխարհի դիմադրությունը՝ ինչպես շատ փորձագետներ են վստահ, հակառակորդին առաջիկայում զիջումներ կատարելու համար։
Փաշինյանի մանրախնդրության արդյունք է նաև այն, որ օրերս բողոքի ակցիա կազմակերպած ՀՅԴ-ական երիտասարդներին իրավապահները բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում։ «Հայաստան» դաշինքի անդամ, զոհված հերոսի հայր Գեղամ Նազարյանին էլ բերման ենթարկեցին՝ գետնին պառկեցնելով և նկարելով: Ի դեպ, կան տեղեկություններ, որ նման տեսանյութերը հետո ուղարկում են Փաշինյանին, որ տեսնի ու քինախնդրությունից վառվող «սիրտը հովանա»։ Բավական ուշագրավ է, որ եթե հարցը հասնում է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներին կամ նրանց արձագանքելուն, ապա իշխանությունները կայծակնային արագությամբ գործի են անցնում։ Տպավորություն է, որ ընդդիմադիրների գործողություններից Փաշինյանի անհանգստությունն ավելի մեծ է, քան Ադրբեջանից ու Թուրքիայից։
Այլ կերպ չես մեկնաբանի այն հանգամանքը, որ երբ պետք է պատասխանել Ալիևի՝ Հայաստանին ու հայ ժողովրդին ուղղված սպառնալիքներին կամ հենց Փաշինյանի նկատմամբ անձնական վիրավորանքներին, իշխանությունները նախընտրում են կուլ տալ անարգանքը՝ ծպտուն չհանելով, կամ հատուկ դեպքերում վախվորած ու կցկտուր պատասխան տալ։ Այդպես եղավ նաև օրերս, երբ Ալիևը հոխորտաց Հայաստանի նկատմամբ իր տարածքային պահանջների մասին, իսկ ՀՀ իշխանություններն այդպես էլ չկարողացան բավարար կամք դրսևորել Ալիևին արժանի պատասխան տալու հարցում՝ դրանով անընդունակ գտնվելով պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և ժողովրդի արժանապատվությունը: Պարտվածի հոգեբանությունն այլևս դարձել է իշխանությունների քաղաքական հետագծի անբաժանելի մասը։ Փոխարենը Փաշինյանը վրեժխնդիր է լինում նրանցից, ովքեր դեմ են հակահայ ծրագրերին, ովքեր հանդես են գալիս բացառապես մեր պետության, պետականության դիրքերից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։