Նոր զարգացումներ կլինեն. ԵՄ-ն և ՌԴ-ն ակտիվանում են Արցախի հարցում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի եւ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ նոր զարգացումներ կլինեն:
Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2021 թվականի հուլիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցերը՝ շեշտը դնելով առեւտրային ներդրումների եւ հումանիտար համագործակցության վրա։ Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ հանդիպման ժամանակ, խոսել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության եւ Ադրբեջանի նոր նկրտումների մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես նշել էր. «Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»:
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատերազմին պատրաստ լինելու հրահանգ է տվել: Ի վերջո, ի՞նչ սպասել առաջիկայում, եւ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցով ՌԴ-ն։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն անդրադարձավ ԵՄ օրակարգին՝ ասելով, թե նրանք մեծ հույսեր են կապում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերսկսման հետ։
«Կարծում եմ՝ կողմերը դիրքավորվում են սահմանագծման գործընթացին ընդառաջ։ Բոլորը հասկանում են, որ առանց դրա հնարավոր չէ որեւէ ուղղությամբ շարժվել, միայն փոխադարձ մեղադրանքներ են հնչում. սա բարդ իրավիճակ է:
Նկատվում է երկուստեք հետաքրքրություն, որին ՌԴ-ն դեմ չէ, բայց ՌԴ-ն նաեւ ակտիվ մասնակցություն ունի ՀՀ անվտանգության գործին, որին ուղիղ այլընտրանք այսօր ՀՀ-ն չունի»,- նշեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: